19 ապրիլի 2005 - 10:16 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐՆ ԵՆ
Չկա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավելի ճիշտ ուղի, քան փոխզիջումները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով`` նա բազմիցս հայտնել է իր տեսակետը, որում արտացոլվում է ներկայիս իրողությունը: «Ես վստահ եմ եղել եւ կլինեմ, որ դա է ճիշտ լուծումը»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ պատրստ չի ավելի մեծ փոխզիջումների, քան պահանջում է իրադրությունը: Մեկնաբանելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները` նա նշել է, որ դրանք չեն հանգեցնի պատերազմի, սակայն որպես պաշտպանության նախարար նա պետք է պատրաստ լինի երեք օր հետո հնարավոր ռազմական գործողությունների սկսմանը: Խոսելով հայտարարությունների մասին, ըստ որոնց որոշ մարդիկ փոխզիջումներն ընդունում են պարտություն հոգեբանական պատերազմում` Ս.Սարգսյանը նշել է, որ ներկայումս հանրապետությունում շատ են բեմականացում խաղում, որտեղ գլխավոր դերերը բաշխված են պատվիրատուների եւ կատարողների միջեւ: «Ես չունեմ խնդիր կատարողների հետ, որոնց շրջանում կան նաեւ լրագրողներ, որոնք այնքան էլ հաջողված չեն իրենց գործում, եւ նախկին պաշտոնատար անձինք, որոնք հաջողության չեն հասել իրենց բնագավառում»,- նշել է նա: «Ինչ վերաբերում է պատվիրատուներին,- շարունակել է նախարարը,- ապա նրանք հիմնականում ապատեղեկացնում են բնակչությանը եւ խեղաթյուրում իմ խոսքերը»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հայ հասարակությունը ոչ միայն պատվիարտուներից եւ կատարողներից է կազմված, եւ յուրաքանչյուրն իր սեփական կարծիքի իրավունք ունի: «Մենք չենք ուզում պատերազմ, ինչպես չենք ցանկացել 1992 թվականին, սակայն այն ժամանակ մեզ պարտադրեցին դիմել այդ քայլին, եւ Հայաստանը պատվով դուրս եկավ դրանից»,- ընդգծել է նա: Նրա խոսքերով` եթե այսօր եւս Հայաստանին ստիպեն պատերազմել, ապա այսօր հանրապետությունը կրկին պատվով դուրս կգա: Ինչպես նշել է նախարարը, ներկայումս Ադրբեջանում նույնպես կան մարդիկ որոնք չեն ցանկում 1988 թվականի կրկնությունը: «Չի կարող պատահել, որ փոխզիջումներ չլինեն ղարաբաղյան հարցում»,- ընդգծել է Ս.Սարգսյանը: Նրա խոսքերով` փոխզիջումները Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներն են: Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, եւ չի կարող ունենալ անկլավային կարգավիճակ: Պատասխանելով այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կա՞ արդյոք ճնշում միջազգային հանրության կողմից` նախարարը նշել է, որ նման բան չկա, իսկ եթե նույնիսկ լինի, ապա դա հավասար չափով կլինի նաեւ Ադրբեջանի վրա: