23 հոկտեմբերի 2012 - 11:55 AMT
Է.Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը

Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարի այցը լատինաամերիկյան երկրներ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մեխիկոյում հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ և տարակուսանք է հայտնեց անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ բանաձևերը կոպտորեն հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը, բացասաբար են ազդում նաև հայ-մեքսիկական հարաբերությունների վրա, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Արտգործնախարարը նաև ընդգծեց, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաև ոչ միայն Մեքսիկայում, այլև նաև աշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ: Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ և պարզաբանումներ տվեց այս կապակցությամբ՝ նշելով, որ այդ ամենը բացասական արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից:

Նախարար Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանի և ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգային հանրության, հարցի խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ և տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները փակուղի մտցնելու և տապալելու համար: Այս ենթատեքստում Պատրիսիա Էսպինոսան վերահաստատեց Մեքսիկայի կառավարության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան ստորագրեցին «Արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիրը»: