23 հոկտեմբերի 2012 - 12:56 AMT
Մասուդ Մոհամմադիան. Հայաստանը հիանալի շուկա է Արևելյան Ադրբեջանի համար

Իրանը բարձրացնում է Հայաստանի հետ համագործակցության մակարդակը նոր համաձայնագրերի կնքումից հետո: Այդ մասին հաղորդել է Արևելյան Ադրբեջանի Գյուղատնտեսական ջիհադի բաժանմունքի գլխավոր տնօրեն Մասուդ Մոհամմադիանը Հայաստանի Արմավիրի մարզի նորարարական կենտրոնի ղեկավար Արամ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ:

Մոհամմադիանը, նշելով, որ Հայաստանը հիանալի շուկա է Արևելյան Ադրբեջանի համար, հայտարարել է Հայաստանի հետ առևտրատնտեսության համագործակցության մեծ պոտենցիալի մասին, հաղորդում է IRNA-ն:

Նրա խոսքով, տարբեր փորձագիտական խմբերի փոխանակումը, հատկապես գյուղատնտեսության և բնական պաշարների ոլորտում, դրական կանդրադառնա հայ-իրանական կապերի վրա:

Ավելի վաղ իրանական Արևելյան Ադրբեջան նահանգի և Արմավիրի մարզի միջև պայմանագիր է կնքվել հակակարկտային կայաններ գնելու մասին:

Արմավիրի «Բարվա» նորարարական կենտրոնի հետ ստորագրած պայմանագրի համաձայն, իրանական կողմը ձեռք կբերի հակակարկտային կայաններ: