23 հոկտեմբերի 2012 - 16:32 AMT
Գուրգեն Մարգարյանի եղբորը դատարանի դահլիճից ազատ արձակեցին

Գուրգեն Մարգարյանի եղբայրը, ով անազատության մեջ էր, այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Վահրամ Մարգարյանը մեղադրվում էր ռուսաստանաբնակ գործարար Խաչիկ Գալոյանի սպանության մեջ: Դատաքննության ժամանակ Վահրամ Մարգարյանը չէր ընդունել իր մեղքը և պնդել էր, որ այդ սպանության հետ ոչ մի կապ չունի: Հետագայում Մարգարյանի մեղադրանքը փոխվել էր, նրան մեղադրում էին ապօրինի զենք պահելու մեջ: Հիշեցնենք, որ Խաչիկ Գալոյանը սպանվել է Զաքայան փողոցում 2011թ. օգոստոսի 2-ին: Նրա սպանությունից հետո ձերբակալվել էին Վահրամ Մարգարյանը և Բորիս Հակոբյանը, ում մեղադրում էին զենք ձեռք բերելու մեջ: Բորիս Հակոբյանը սպանվածին կասկածում էր իր որդու` Տիգրան Հակոբյանի սպանության մեջ: Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, դատարանի դահլիճից ազատել է Վահրամ Մարգարյանին, իսկ սպանության գործով ամբաստանյալ Բորիս Հակոբյանին դատապարտել է 11 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Վահրամ Մարգարյանը 2004 թվականին Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է: