24 հոկտեմբերի 2012 - 13:44 AMT
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Բոլորը մտահոգ են ԼՂ հակամարտության հարցում առաջընթացի բացակայությամբ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ առաջընթացի բացակայության հետ կապված: «Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին, բոլորը մտահոգված են առաջընթացի բացակայությամբ և առանձին վայրերում իրավիճակի վատթարացմամբ. միայն այս տարի սպանվել է 28 մարդ: Ես անձամբ կիսում եմ այդ մտահոգությունը: Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և նրա համանախագահներին` Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին»,- հայտարարել է Զանյերը «Իտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

Գլխավոր քարտուղարի խոսքով, ոչ մի միջազգային ջանք չի կարող գործել, եթե երկու կողմերից չկա քաղաքական կամք բանակցությունների ճանապարհով խաղաղություն հաստատելու համար:

«Ես դա նշել եմ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների` Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ: Բանակցությունների էությանը վերադառնալը և դեպի ապագան կողմնորոշումը լարվածության թեժացումը կանխելու և տարածաշրջանում երկար սպասված անվտանգություն ապահովելու միակ միջոցն են»,- հավելել է Զանյերը: