24 հոկտեմբերի 2012 - 13:18 AMT
Կառավարման փորձագետ. Չի կարելի աշխարհում գոյություն ունեցող բոլոր միությունների մեջ մտնել

«Հայաստանի վերնախավը անորակ է», - համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա՝ իշխանությունը ադեկվատ չի վերաբերում պետության առաջ ծառացած խնդիրներին և ազգային առաջնահերթություններին: Քաղաքագետը նման կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով ռուս վերլուծաբան Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը , որտեղ նա ասել էր, որ եթե Ռուսաստանը չլիներ, Հայաստանը քարտեզի վրա չէր լինի: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ նկատեց, որ քանի դեռ մենք մեր միջից չենք հանել ստրուկի հոգեբանությունը, պետք չէ զարմանալ նման բովանդակություն ունեցող հայտարարություններից.«Եթե մենք մեզ չենք հարգում, մեր ուժը և հնարավորությունը չենք տեսնում, պետք չէ նեղանալ ուիշներից», -ասաց Մեսրոպյանը

Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրեց, որ ռուս փորձագետի այս հայտարարությամբ Ռուսաստանը Հայաստանին փորձում է հասկացնել, որ պետք է կողմնորոշվել Եվրասիական միությանն անդամակցելու հարցում: Կառավարման փորձագետ Հ. Մեսրոպյանը նկատեց, որ չի կարելի աշխարհում գոյություն ունեցող բոլոր միությունների մեջ մտնել:

Ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի՝ Հայաստանը այս ամենի դեղատոմսը ունի. հավասարակշռված քաղաքականություն, որը նա առաջարկում է ամեն կերպ շարունակել: