24 հոկտեմբերի 2012 - 15:21 AMT
Ստամբուլում կկառուցվի կամուրջ Լեոնարդո դա Վինչիի նախագծով

Ստամբուլում Ոսկե եղջյուր ծոցի վրա, որը քաղաքի եվրոպական հատվածը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի, կամուրջ կկառուցվի Լեոնարդո դա Վինչիի նախագծով: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին հաղորդում է իտալական ANSA գործակալությունը` մեջբերելով թուրքական իշխանությունների հայտարարությունը:

Իտալացի վարպետի կողմից ստեղծված կառույցի բոլոր համամասնությունները կպահպանվեն, սակայն շինարարության ժամանակ կկիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ: Կամրջի երկարությունը կկազմի 220 մետր, բարձրությունը` շուրջ 25 մետր, իսկ լայնությունը` 10 մետր:

Լեոնարդո դա Վինչիի նախագիծը թվագրուվմ է 1502թ., հենց այդ ժամանակ Օսմանյան կայսրության սուլթան Բայազիդ 2-րդը որոշել էր ծոցի վրա կամուրջ կառուցել, սակայն դա Վինչիի նախագիծը չի ընդունվել:

Նախագիծը, որը մշակվել է երեք տարի մասնագետների միջազգային թիմի կողմից, ամբողջությամբ կֆինանսավորվի մասնավոր հովանավորների միջոցներով` առանց բյուջետային միջոցներ ներգրավելու: Տեղի իշխանություններն արդեն հաստատել են նախագիծը, սակայն առայժմ չի հաղորդվում, թե երբ կսկսվի շինարարությունը: