24 հոկտեմբերի 2012 - 15:03 AMT
Հանրապետական պատգամավորը ԲՀԿ-ին իրենց մրցակից չի համարում

Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը նախագահական ընտրություններում ՀՀԿ-ին մրցակից չէ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն իր այս պնդումը բացատրում է նրանով, որ երկու քաղաքական ուժերը ստորագրել են հուշագիր, որից այն կողմ ԲՀԿ-ն այլ պաշտոնական հայտարարություն չի արել:

«Ցանկացած քաղաքական ուժ մրցակից է, նայած ինչ կշռով, բայց ԲՀԿ-ին նախագահական ընտրություններում մրցակից չեմ համարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Անդրադառնալով այն հայտարարություններին, որ նախագահական ընտրություններում հիմնական ֆավորիտը Սերժ Սարգսյանն է, Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Եթե որևէ մեկը քաղաքական դաշտում տեսնում է այլ ֆավորիտի, թող անունը տա։ Մենք տեսնում ենք միայն Սերժ Սարգսյանին»: Պատգամավորի բնորոշմամբ, իրենք այս հայտարարություններն անում են՝ հիմք ընդունելով անցած ԱԺ ընտրությունները: