24 հոկտեմբերի 2012 - 16:32 AMT
Վյաչեսլավ Կովալենկո. «EXPO-RUSSIA ARMENIA 2012» ցուցահանդեսը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը

Երևանում բացվել է «EXPO-RUSSIA ARMENIA 2012» հայ-ռուսական հինգերորդ արդյունաբերական ցուցահանդեսը: «Համոզված եմ, որ ցուցահանդեսն իր ավանդը կունենա հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Նրա խոսքով, միջոցառումը նոր խթան կհաղորդի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին, այդ թվում նաև տարածաշրջանային մակարդակում: Դեսպանը նշել է, որ այս տարի ցուցահանդեսն ավելի ներկայացուցչական է, քանի որ այստեղ ներկայացված են կազմակերպություններ, որոնք զբաղվում են նորարարական մոդելների մշակմամբ: «Գլոբալիզացիայի պայմաններում կարևոր է, որպեսզի հարաբերությունները կառուցվեն համագործակցության նոր մոդելի վրա»,- ասել է նա:

Իր հերթին, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հավելել է, որ ցուցահանդեսը հնարավորություն կտա երկու բարեկամ ժողովուրդներին ամրապնդել իրենց հարաբերությունները, այդ թվում` տնտեսական և քաղաքական: Միաժամանակ նա խոստացել է հետագայում ևս աջակցել «EXPO-RUSSIA ARMENIA»-ի կազմակերպմանը:

«Ցուցահանդեսն ավանդական հարթակ է դարձել նոր գաղափարների ծնունդի և գործնական ծրագրերի իրագործման համար»,- նշել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Դրա հետ կապված նա ընդգծել է, որ Հայաստանը և Ռուսաստանն ամբողջությամբ չեն իրագործել համագործակցության իրենց հնարավորությունները, որոնց հաշվին կարելի է զգալի առաջընթացի հասնել երկու երկրների տնտեսությունում: «Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի գլխավոր ռազմավարական, առևտրատնտեսական գործընկերը»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Ցուցահանդեսի շրջանակներում կկայանա նաև «Եվրասիական առաջխաղացում» առաջին երևանյան գործարար համաժողովը: Ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում` բանավիճային հարթակներ «ԵվրԱզԷս. ձեռքբերումները և հեռանկարները», «Մաքսային միություն, Միասնական տնտեսական տարածություն, ԱՊՀ Ազատ առևտրի գոտի», «Եվրասիական տնտեսական միություն` գաղափարից իրագործում» թեմաներով:

Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 100 արդյունաբերական ձեռնարկություններ Ռուսաստանի 35 շրջաններից, ինչպես նաև ընկերություններ Հայաստանից, այդ թվում` ԳեոՊրոՄայնինգ, Ռոսագրոլիզինգ, Հարավ-կովկասյան երկաթուղի, Ավանգարդ, Դոզա-Ագրո, Լեդել, Վարան Գրուպ, HESS Group, «Ար-Բե» հայ-բեռլառուսական առևտրի տուն, KROHNE, Կոտայք, ՄուլտիԱգրո, ՄուլտիԳրուպՍթոուն և այլն:

«EXPO-RUSSIA ARMENIA 2012» ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի ԱԱՊ պաշտոնական հովանու ներքո ՌԴ Պետդումայի, ԱԳՆ, Հայաստանի կառավարության, ԱԺ, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության և երկու երկրների գործարար օղակների աջակցությամբ: