24 հոկտեմբերի 2012 - 16:27 AMT
Վարչապետն անձամբ շնորհավորել է Սոս Սարգսյանի 83-ամյակը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին ծննդյան 83-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի Սոս Արտաշեսի, սիրելի Վարպետ, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 83-րդ տարեդարձը: Ասում են, որ մարդուն չափում են ոչ թե իր ապրած տարիներով, այլ դրանց իմաստալիությամբ: Սիրելի Վարպետ, Ձեր ապրած յուրաքանչյուր տարի մի լուսավոր կետ է մեր ժողովրդի պատմության մեջ` լի խորությամբ և իմաստությամբ: Ցանկանում եմ խուսափել ընդունված պաշտոնական հաղորդագրության ձևերից և իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ այն խոր հետքի համար, որ թողել եք Դուք իմ և իմ սերնդակիցների վրա: Իմ երիտասարդության տարիներին աշխատում էի բաց չթողնել մի որևիցե ներկայացում, որտեղ խաղում էիք Դուք, սիրելի Վարպետ: Պրեմիերայից դեռ 10-15 օր առաջ իմանում էինք, որ այսօր մեր սիրելի Սոսն է խաղալու, անմիջապես փորձում էինք տոմսեր գտնել` հերթական ներկայացումը բաց չթողնելու համար: Ես ցանկանում եմ շնորհավորել նաև Սոս Սարգսյան մտավորականի, Հայաստանի քաղաքացու տարեդարձը: Պետական-քաղաքական բազմաթիվ գործիչներ զգաստացել են Ձեր արդար խրատներից, սխալը տեսնելու և դրա մասին անմիջապես բարձրաձայնելու ըմբոստ և անհանգիստ մտավորականի կեցվածքից: Սիրելի Վարպետ, ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, ընտանեկան ջերմություն և ստեղծագործական եռանդ»:

Դրա հետ մեկտեղ վարչապետը գրառում է կատարել իր անձնական կայքում, որտեղ նշել է իր կողմից դերասանին այցելելու մասին. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկի` Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր այցելել եմ հիվանդանոց՝ մեծանուն դերասանին: Ուրախությամբ ասեմ, որ նա ուներ բավականին բարձր տրամադրություն: Բժիշկներն ինձ տեղեկացրեցին, որ վարպետի առողջական վիճակն այսօր ավելի լավ է… Ծնունդդ շնորհավոր, սիրելի վարպետ»: