24 հոկտեմբերի 2012 - 16:29 AMT
Վանաձորում բացվել է «Օրրան-Գրիգորյան» բարեգործական կենտրոնը

Նորակառույց եռահարկ շենքը քաղաքի կենտրոնում է: Այն ծառայելու է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև միայնակ ու անօգնական տարեցների կարիքները հոգալուն: Այն կառուցվել է Իտալիայի ԱԳՆ դրամաշնորհային ծրագրի հաղթող CIPS ՀԿ-ի, հայազգի բարերար Գրիգոր Գրիգորյանի (Մեծ Բրիտանիա), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և մի շարք անհատ բարերարների առատաձեռն աջակցության շնորհիվ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից:

«Օրրանի» վանաձորյան մասնաճյուղը հիմնադրվել է 2009թ. հոկտեմբերին՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Նախքան նոր շենքի կառուցումն այն գործում էր վարձակալած փոքրիկ տարածքում: Ներկայումս կենտրոնում ընդգրկված է 55 երեխա:

Նորակառույց շենքում յուրաքանչյուր առավոտ տաք կերակուր կմատուցվի տարեցներին: Դպրոցական օրվա ավարտից անմիջապես հետո կենտրոն կժամանեն նաև սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները: «Օրրանը» կհոգա նրանց առողջ սննդով ապահովելու կարիքը և փորձառու, բանիմաց մանկավարժների օգնությամբ` կաջակցի հաջորդ օրվա դասերը պատրաստելու հարցում: Կենտրոնը երեխաներին կընձեռի նաև տարբեր արհեստներ սովորելու, մշակութային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու և ամառային արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորություն: Երեխաները հետագայում ձեռք կբերեն նաև աշխատանքի տեղավորվելու հնարավորություն և կօգտվեն անհրաժեշտ մի շարք այլ ծառայություններից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Օրրանին» աջակցում է նաև ամենամյա բարեգործական ընթրիքներին կատարվող հանգանակության տեսքով: Այս տարի կայացած ամենամյա 7-րդ բարեգործական ընթրիքըի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարեց 90 միլիոն դրամի հանգանակություն, ինչպես նաև բնակարան նվիրեց կարիքավոր ընտանիքի: