24 հոկտեմբերի 2012 - 16:48 AMT
Երևանում կկայանա «Մեր քայլերը հանուն երեխաների» խորագրով քայլաթոն

«Մեր քայլերը հանուն երեխաների» խորագրով քայլաթոնը մայրաքաղաքում տեղի կունենա նոյեմբերի 4-ին: Նպատակն է դրամահավաք անել, որով Գեղարքունիք մարզի Ծովակ համայնքում ֆուտբոլի դաշտ կկառուցեն: Քայլաթոնն իրականացվում է «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

«Ֆուտբոլի դաշտից կօգտվեն Ծովակի և շրջակա հինգ համայնքների ավելի քան 1000 երեխաներ, ովքեր, ի տարբերություն քաղաքաբնակ իրենց հասակակիցների, զրկված են լիարժեք ֆիզիկական դաստիարակություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններից: Ֆուտբոլի դաշտը կօգնի երեխաներին այդ սպորտաձևում դրսևորել իրենց ունակությունները, մրցույթներ նաև մարզական այլ միջոցառումներ կազմակերպել»,- ասված է քայլաթոնի բարեգործական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելացնենք, որ քայլաթոնի մասնակիցները պետք է արագ քայլքով անցնեն Երևանի կենտրոնական փողոցներով՝ 3.5 կմ: Մրցարշավի երեք հաղթողները կպարգևատրվեն «Գոլդս Ջիմ. ֆիտնես-կենտրոնի անդամակցության քարտերով: