24 հոկտեմբերի 2012 - 17:24 AMT
Իվանիշվիլի. 2008թ. պատերազմը Սահակաշվիլին հրահրեց

2008թ. օգոստոսի պատերազմական իրադարձությունները մեծ սադրանք էին, որը հրահրեց ԶՈւ գլխավոր հրամանատար, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Հոկտեմբերի 24-ին Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ պատասխանելով նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավորների հարցերին, հայտնում է ՌԲԿ-ն:

«Ռուսաստանը դարեր շարունակ երազում էր Կովկասի այս կողմն անցնել, սակայն ինչ նա չկարողացավ անել դարերի ընթացքում, ձեր առաջնորդ Սահակաշվիլին արեց ձեր օգնությամբ»,-ասել է Իվանիշվիլին:

Նա գտնում է, որ պատերազմի համար սկիզբ հանդիսացավ Վրաստանի իշխանությունների սադրանքը: «Ռուսաստանն իր երազանքին հասավ, իսկ մենք գրավյալ տարածքներ ունեցանք»:

Ըստ Իվանիշվիլու, իրավիճակն Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցում բավականին բարդ է, այն փակուղի է մտցրել Վրաստանի իշխանությունը: Իվանիշվիլին խոստովանել է, որ դեռ կոնկրետ ծրագիր չունի, սակայն մտադիր է «ճիշտ գործողություններ կատարել, ճիշտ դիվանագիտություն վարել», վերադարձնելու համար կորցրած տարածքները: «Արագ դա տեղի չի ունենա»,-ասել է նա:

Իվանիշվիլին ասել է նաև, որ բոլորն են ունեցել Վրաստանից փախչելու ցանկություն, սակայն ոչ բոլորն են նման հնարավորություն ունեցել:

«Մենք պետք է բեկում մտցենք իրավիճակի մեջ»,-ասել է Իվանիշվիլին: