24 հոկտեմբերի 2012 - 17:05 AMT
Վաղը տեղի կունենա Մարիամ Գևորգյանի գործով հերթական դատական նիստը

Հոկտեմբերի 25-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Մարիամ Գևորգյանի սկեսրոջ գործով հերթական դատական նիստը: Նիստին զուգահեռ «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության» կոալիցիան կազմակերպում է ցույց` Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջև` Մարիամ Գևորգյանի գործով:

Սեպտեմբերի 26-ին Արտաշատ քաղաքում Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանում Մարիամ Գևորգյանի սկեսրոջ գործով դատաքննության փուլն ավարտվեց, և հաջորդ նիստում, ամենայն հավանականությամբ, դատարանը արդեն վճիռ կկայացնի:

Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով: