24 հոկտեմբերի 2012 - 17:24 AMT
Հայաստանը իրավունք է ստացել մասնակցել «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին

Հայաստանի Հանրապետությունն այս տարվանից իրավունք է ստացել մասնակցել Լայպցիգում կազմակերպվող «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին: Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում այսօր մեկնարկել է մրցույթի ազգային փուլը, որը կրել է «Հայաստանի հմտություններ» խորագիրը: Մրցույթը կայացել է խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիա և ոսկերչություն մասնագիտությունների գծով: Ազգային փուլին մասնակցել են նախընտրական փուլը հաղթահարած ՄԿՈՒ հաստատությունների ուսանողները: Հաղթողները 2013 թվականի հուլիսի 2-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքում, ի թիվս 61 այլ երկրների ուսանողների, կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» 42-րդ միջազգային մրցույթին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարության լրատվության վարչությունից:

Ազգային փուլի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Մրցույթի մասնակիցներին ազգային փուլում մաղթելով ստեղծագործական հաջողություններ` նախարարի տեղեկալը հույս է հայտնել, որ նրանք Լայպցիգից կվերադառանան մրցանակներով: «Մասնագիտական կրթության ոլորտում դրական արդյունքները մեր երկրի մրցունակության համար կարևոր նշանակություն ունեն, քանի որ միջին մասնագիտական կրթության ոլորտն ուղղակիորեն սպասարկում է տնտեսության ծառայությունների և սպասարկումների բնագավառը»,- նշել է Մ. Մկրտչյանը:

Մասնագիտական կրթության ազգային ուսուցման կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի հմտություններ» մրցույթի ինչպես նախընտրական, այնպես էլ ազգային փուլն անցկացվելու են միջազգային չափանիշներին համապատասխան: «Բոլոր մասնակիցներն ընտրվել են նախընտրական փուլի արդյունքներով: Ազգային փուլում մրցում են 5 մասնակիցներ խոհարարության, իսկ նորաձևության տեխնոլոգիա և ոսկերչություն մասնագիտություններից 4-ական մասնակիցներ: Մասնակցության համար սահմանված են բավականին խիստ պահանջներ՝ օտար լեզվի իմացություն, տեսական գիտելիքներ, մասնագիտական հմտություններ, արագ կողմնորոշվելու և գործելու ունակություն և այլն»,- նշել է Տ. Գասպարյանը: Յուրաքանչյուր մասնագիտության համար ձևավորվել են ժյուրիներ, որոնցում ընդգրկված են գործատուների և մասնագիտական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչներ:

Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՆ-ի և «Գերմանիայի միջազգային համագործակցության աջակցության ընկերության /GIZ/» համագործակցության արդյունքում: