24 հոկտեմբերի 2012 - 17:52 AMT
Քաղաքագետ. Թուրքիան կարող է կործանվել մինչև 2030թ.

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Թուրքիայի առջև ծառացած երեք կործանիչ սպառնալիքներ է տեսնում: «Թուրքիային սպառնացող առաջին և շատ կարևոր վտանգն է Արևմուտք-Սիրիա հարաբերությունը: Սա Թուրքիայի թշնամին է: Հաջորդ վտանգավոր սպառնալիքը Իրանն է, որը երբեք թույլ չի տա, որ Թուրքիան հնարավորություն ստանա իրականացնելու իր «նեոօսմանիզմի» ծրագիրը: Իրանը հակակշիռ է Թուրքիային, և դա շատ լուրջ խնդիր է վերջինիս համար»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ եթե անգամ Թուրքիան կարողանա շրջանցել այս երկու գլոբալ խնդիրները, ապա երրորդ՝ խոշորագույն սպառնալիքի դեմ ոչինչ չի կարող անել: Այդ սպառնալիքը Ռուսաստանն է, որը շահագրգռված է սահմանափակել Թուրքիային:

Ըստ նրա՝ այս սպառնալիքները կնպաստեն Թուրքիային կործանմանը որպես պետություն մինչև 2030 թվականը, եթե ոչ՝ ավելի շուտ: «Այդ ժամանակ հաստատ Թուրքիան չի լինի այն երկիրը, ինչ կա այսօր»,-ասաց քաղաքագետը: Ֆինանսապես այդ երկիրն այսօր էլ ձախողման եզրին է, քանի որ ահռելի քանակությամբ արտաքին պարտք ունի, նշեց նա:

Շաքարյանցն ասաց նաև, որ Թուրքիայի համար սպառնալիք են նաև քրդերը, քանի որ Սիրիայում կատարվող վերջին իրադարձությունները վկայում են Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդերի համախմբման մասին: «Չի բացառվում, որ դրանից կտուժի հենց Թուրքիան»,-ասաց նա: