24 հոկտեմբերի 2012 - 19:41 AMT
Սփյուռքի նախարարը հորդորել է ընթացք տալ սիրիահայերի կողմից բարձրացված յուրաքանչյուր հարցի

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի նիստը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ: Վերջինս ևս մեկ անգամ նշեց, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են, և արդեն կայացվել են ՀՀ կառավարության, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների` մեկ տասնյակից ավելի որոշումներ, օրենսդրական մի շարք փոփոխություններ: Որպես համակարգող գերատեսչության ղեկավար` ՀՀ սփյուռքի նախարարը հորդորեց այսուհետ ևս առաջնահերթության կարգով ընթացք տալ սիրիահայերի կողմից բարձրացված յուրաքանչյուր հարցի:

Նիստին ներկա գերատեսչությունների ներկայացուցիչները տեղեկություն հաղորդեցին մինչև օրս սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մասին, ներկայացրեցին այն հարցերը, որոնք դեռևս լուծում չեն ստացել: Ըստ զեկույցների ևս մեկ անգամ նշվեց, որ սիրիահայերը հնարավորություն ունեն անվճար բուժօգնություն ստանալ առաջնային բուժսպասարկման ոլորտում, դյուրացվել է անձնագրերի և երկիր մուտք գործելու արտոնագրերի տրամադրման գործընթացը: Զրոյացված են փաստաթղթերի ժամկետանց լինելու պարագայում սահմանված տույժերը: Չեն գանձվում մեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում սահմանված մաքսային վճարները: Երևանում գործում է սիրիական կրթական ծրագրով դպրոցը, որտեղ սովորում են 270 աշակերտներ, դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց առանցքային մի քանի հիմնահարցերի վրա, ինչպիսիք են՝ Հայաստան եկող սիրիահայերի աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովման հարցերը: Նախարարը նշեց, որ սիրիահայերի կողմից առաջ բերված բոլոր ընդհանրական խնդիրները ստացել են համապատասխան լուծումներ, մինչդեռ ժամանակի ընթացքում առաջանում են նոր խնդիրներ, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում:

Հանդիպման ավարտին քննարկվեցին առաջիկա անելիքները, սահմանվեցին սիրիահայերի հիմնախնդիրների նոր առաջնահերթություններ ու դրանց հնարավոր արդյունավետ լուծումների ուղիները: Աշխատանքային ժողովի վերջում ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` սիրիահայերին վերաբերող բոլոր հարցերում առավելագույն ուշադրություն ցուցաբերելու համար:

Հանդիպման արդյունքում ձևակերպվեց առաջ քաշված հիմնախնդիրների ցանկը, որոնք ներկայացվելու են ՀՀ կառավարություն, հաղորդում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը: