25 հոկտեմբերի 2012 - 13:41 AMT
Ճգնաժամի նոր ալիքի շեմին վարչապետը կարևոր է համարում ներքին ռեսուրսների բացահայտումը

Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության կողմից հրապարակված տվյալները տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ խոսում են այն մասին, որ գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրվել է ավելի քան 10 տոկոս աճ, որի արդյունքում այս տարի Հայաստանի տնտեսության մեջ կլինի իրական աճ: Այդ մասին, բացելով կառավարության նիստը, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Սակայն մեր առջև դրված է որակական նոր խնդիր»,- ասել է նա: Դրա հետ կապված վարչապետը հիշեցրել է, որ անցած շաբաթ տեղի է ունեցել Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի նիստը, որին մասնակցել են մասնավոր հատվածի փորձագետներ, վերլուծաբաններ, որոնց շարքում` Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և այլք: Նրա խոսքով, անցկացված վերլուծությունները վկայում են այն մասին, որ 2013-2014թթ. համաշխարհային տնտեսությունը կկանգնի որակական նոր խնդրի առաջ:

«Եթե մենք մինչև հիմա գործ ունեինք զարգացող երկրների տնտեսությունում ճգնաժամի և հիմնական ցուցանիշների վատթարացման հետ, ապա նոր փուլում պարզ է դառնում, որ զարգացող երկրներում կնկատվի տնտեսական ցուցանիշների վատթարացում, և այդ ճգնաժամային իրավիճակը կշարունակվի նաև 2013-ին, ուստի շատ կարևոր է ներքին ռեսուրսների բացահայտումը, որի հիման վրա կառուցվել է կառավարության նոր ծրագիրը և ներկայացվել խորհրդարան»,- ասել է նա: