Աժ-ում քննարկեցին խաղատների` Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր տեղափոխելու ժամկետի երկարաձգման օրինագիծը

Աժ-ում քննարկեցին խաղատների` Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր տեղափոխելու ժամկետի երկարաձգման օրինագիծը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը և քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն առաջին ընթերցման ընթացակարգով խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» և դրա հետ կապված այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում խաղային բիզնեսի բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում 2010 թվականին ընդունվել է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` ՀՀ-ում խաղատների գործունեությունը 2013 թվականի հունվարի 1-ից կազմակերպվելու է միայն Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր քաղաքներում: Սակայն, ըստ Վարդան Արամյանի, խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց հաղթահարումը խաղային բիզնեսի կազմակերպիչների կողմից ներկայիս պայմաններում դառնում է անհնար:

Նշվել է, որ առաջարկվում է ՀՀ-ում գործող խաղատների` Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր քաղաքներ տեղափոխելու ժամկետը երկարաձգել մինչև 2014 թվականի հունվարի 1-ը` գործող ժամկետի` 2013 թվականի հունվարի 1-ի փոխարեն: Փոխնախարարի կարծիքով՝ նախագծերի ընդունումը թույլ կտա խուսափել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազումից, ինչպես նաև խաղային բիզնեսի բնագավառում աշխատատեղերի քանակի էական կրճատումից: Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը կոչ է արել կողմ քվեարկել օրինագծերի փաթեթին: Քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ պատգամավորները: Աղվան Վարդանյանի կարծիքով՝ չկա որևէ երաշխիք, որ մեկ տարի հետո ոլորտում իրավիճակը կփոխվի,և Երևանը կրկին չի գտնվի խաղատների շրջափակման մեջ: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ պետք է հասկանալ, թե որքանով է կառավարության կողմից ոլորտում առաջարկվող և հաստատվող քաղաքականությունը համահունչ երկրի զարգացումներին: Նա կարևորել է գումար ստեղծող կառույցի վրա հսկողություն սահմանելը: Մհեր Շահգելդյանն անհրաժեշտ է համարել, որ ԱԺ-ը նույնպես ծանոթա նախատեսվող քնարկումների արդյունքների հետ: Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուզող Վարդան Արամյանը նշել է, որ կառավարության քաղաքականության ուղղություններն արդեն իսկ ամրագրված են կառավարության որոշմամբ հաստատված ոլորտի զարգացման ռազմավարությունում: Փոխնախարարը կարևորել է բովանդակալից և լայն քննարկումների կազմակերպումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---