26 հոկտեմբերի 2012 - 17:00 AMT
Սփյուռքի նախարարը ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների համար դասախոսություն է կարդացել

Ի՞նչ է սփյուռքը, ի՞նչ հիմնախնդիրներ կան այսօր սփյուռքում և, առհասարակ, ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական սփյուռքը: Այս և մի շարք այլ հարցեր այսօր արծարծվեցին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպմանը սփյուռքագիտության ամբիոնի ուսանողների հետ:

Նախարարը խոսեց հայկական սփյուռքի առաջացման, ձևավորման փուլերի, հայկական սփյուռքի առանձնահատկությունների, սփյուռքահայերի հոգեբանական խնդիրների մասին, ինչպես նաև անդրադարձավ Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերություններին:

Հրանուշ Հակոբյանը ուսանողներին ներկայացրեց սփյուռքի հետ տարվող նախարարության աշխատանքը, քաղաքականությունը և ռազմավարությունը:

Ուսանողներն էլ բարձրացրեցին իրենց հուզող և հետաքրքրող հարցեր, որոնց պատասխանները նախարարը գտնում էր, իսկ լուծման տարբերակները փորձում ուսանողների հետ միասին փնտրել:

Ուսանողների կողմից հնչեցին հարցեր հայ-թուրքական հարաբերությունների, սփյուռքի գոյատևման խնդիրների, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման և այլ թեմաների վերաբերյալ: