26 հոկտեմբերի 2012 - 17:17 AMT
Ստեփանակերտում կներկայացվի Վիլլի Վայների «Դաշնամուրային պիեսներ «in C» ժողովածուն

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլլի Վայների «Դաշնամուրային պիեսներ «in C» ժողովածուի և ձայնասկավառակի շնորհանդեսը:

Արցախի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու նրա ստեղծագործական ուղու մասին պատմող Exodus by Willy Weiner ֆիլմը, որից հետո նրա դաշնամուրային պիեսները կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի կատարմամբ:

Համերգը կայանալու է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության բարձր հովանու ներքո և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի և Հայաստանում «ՄԵՆՈՐԱ» հրեական մշակութային կենտրոնի ստեղծագործական համագործակցությամբ:

Վ.Վայների արվեստը ինքնատիպ է և յուրահատուկ իր տեսակի մեջ: Նրա երաժշտությունը այսօր հնչում է հայտնի երաժիշտների կատարմամբ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ բազմաթիվ այլ երկրների բեմահարթակներում: Նա ստեղծել է դասական հրեական նվագախմբային ստեղծագործությունների մի ամբողջ շարք, որոնք ներկայացված են 3 հեղինակային ալբոմներով` «Ելից», «Երազանք», «Իմ ժողովուրդ»: Սույն հրատարակված ժողովածուն Վայների դաշնամուրի պիեսների ընտրանին է, որն ամփոփում է 15 նվագախմբային պիեսներ այդ ալբոմներից՝ հեղինակի կողմից փոխադրված դաշնամուրի համար:

Նոտաների ժողովածուի հրատարակությունը և ձայնասկավառակի թողարկումն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության պետական պատվերով՝ «Մշակույթի միջոցով դեպի հանդուրժողականություն» նախագծի շրջանակներում, և նվիրվել է Հայաստանի Հանրապետության անկախության և Հայաստանում Հրեական համայնքի գործունեության 20-ամյակին: Գլխավոր խմբագիրն է` նախագծի գաղափարի հեղինակ և գեղարվեստական ղեկավար, Հայաստանում «ՄԵՆՈՐԱ» հրեական մշակութային կենտրոնի փոխնախագահ Արմեն Արնաուտովը, հատուկ խմբագիրներն են` Անահիտ Ներսիսյանը, Մարգարիտ Կանայանը, ձևավորումը` Արմեն Քյուրքչյանի:

Վիլլի Վայների «Դաշնամուրային պիեսներ «in C» ժողովածուն արդեն նվիրաբերվել է Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հիմնական երաժշտական ուսումնական հաստատություններին: Մեծ հաջոգությամբ կայացան մաեստրո Վայների համերգները Երևանի, Թբիլիսիի, Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիաներում: Նրա շրջագայությունները շարունակվում են: Արցախից անմիջապես հետո, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նրա համերգները տեղի կունենան Երուսաղեմի և Թել Ավիվի երաժշտական ակադեմիաներում: