26 հոկտեմբերի 2012 - 19:28 AMT
Ջիգարխանյանի «Քաջ Նազար» բեմադրության համար հանգանակությունը կշարունակվի մեկ տարի

Արմեն Ջիգարխանյանի «Քաջ Նազար» բեմադրության համար կազմակերպված միջոցների հավաքը կշարունակվի մինչև մյուս տարի: Հանգանակությունը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին «Amore» հայ-իտալական հոլդինգի և Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից կազմակերպված «Style Screen» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում:

Մրցանակաբաշխությունից հետո տեղի է ունեցել նաև բարեգործական աճուրդ, որից ստացված հասույթը նույնպես ուղղվելու է «Իրականացնենք Արմեն Ջիգարխանյանի երազանքը» համազգային ծրագրին` հնարավորություն տալով սիրված դերասան և ռեժիսորին բեմադրել Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» ստեղծագործությունը:

Աճուրդի ընթացքում ներկայացվել են Քաջ Նազարի թեմայով մի քանի պայուսակներ, դիզայներ Նուռի կողմից հատուկ այդ միջոցառման համար ստեղծված պայուսակներ, ինչպես նաև այլ աքսեսուարներ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Amore» հայ-իտալական հոլդինգի նախագահ Աննա Սանտոպադրեն, «Style Screen» մրցանակաբաշխության ժամանակ հավաքվել է 3,95 մլն դրամ, և հոլդինգը շարունակում է զանգեր ստանալ միջոցներ տրամադրելու ցանկություն հայտնող կազմակերպություններից և անհատներից: «Հանգանակությունը կշարունակվի մինչև մյուս տարի, այդ նպատակով նախատեսվում է անցկացնել ևս չորս միջոցառում: Իսկ «Style Screen» հերթական մրցանակաբաշխության ժամանակ կհայտարարվի հավաքված վերջնական գումարը, որն էլ կփոխանցվի ծրագրին»,- նշեց նա: