26 հոկտեմբերի 2012 - 19:58 AMT
Նոր մանրամասներ Խանջյան փողոցում փլուզված շենքի գործից. Շենքի սեփականատերը դեռ հուլիսին տուգանվել է

Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի փլուզման առնչությամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ կառուցապատող «Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի նկատմամբ, ստուգումների իրականացման խոչընդոտման փաստով, այս տարվա հուլիսին քաղաքաշինական պետական տեսչությունը կազմել է ակտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության նախարարությունից:

Ստուգումները խոչընդոտելու վերաբերյալ կազմված ակտի հիման վրա, օգոստոսին, քաղաքաշինական պետական տեսչության պետի համապատասխան որոշմամբ, Մանկական զվարճալիքների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, որը կառուցապատողը վճարել է:

Մասնավորապես, տվյալ ընկերությունը չի ներկայացրել ստուգումներին առնչվող համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Տեսչությունը, այդ իրավիճակը հաշվի առնելով, դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն: Համատեղ ուժերով նույն օրը դադարեցվել են օբյեկտի շինարարական աշխատանքները: