ԱՆ. «Վանաձոր» ՔԿՀ-ում մասսայական հացադուլ չկա

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանել է «Հրապարակ» օրաթերթի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել:

Վարչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հրապարակ» օրաթերթի 26.10.2012թ. համարում տեղեկություն է հրապարակվել, թե «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել, քանի որ դժգոհ են տեսակցություններից, ուտելիքից, սանիտարական վիճակից:

Նախ հայտնենք, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկն այսօրվա դրությամբ ամենաբարեկարգերից մեկն է: Օրենքով սահմանված կարգով բոլոր դատապարտյալներին տրվում են թե երկարատև, թե կարճատև տեսակցություններ:

Դատապարտյալների կամ հարազատների դիմումների հիման վրա թույլատրվում է խցում փոքր սառնարան ունենալ (ըստ քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգի` փոքր չափերի): Դատապարտյալների որոշ մասը սառնարան ունի:

Ինչ վերաբերում է «պլիտաներին», նշենք, որ ըստ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1543-Ն որոշման արգելված իրերի ցանկի 14-րդ կետի` դատապարտյալներին և կալանավորված անձանց արգելվում է էկեկտրակենցաղային իրեր ունենալ (բացառությամբ էլեկտրական ածելիների, հեռուստացույցի, ռադիոընդունիչի, առանց ձայնագրման հնարավորության մագնիտոֆոնի և փոքր չափերի սառնարանի), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալների: Թույլատրվում է նաև փակ տաքացուցիչ (առանց պարույրի) ունենալ, եթե քրեակատարողական հիմնարկը չի տաքացվում, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկն ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Մասսայական հացադուլի մասին էլեկտոնային լրատվամիջոցներում տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում:

Օրերս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մեկ կալանավոր է հացադուլ հայտարարելու մասին դիմում ներկայացրել, նշելով, որ բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ թերթին զանգահարել են «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները և ասել, որ պատրաստվում են մասսայական հացադուլ անել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---