29 հոկտեմբերի 2012 - 13:31 AMT
Հայաստանում առաջին անգամ նշվում է Ոսկերչի մասնագիտական տոնը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում են նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը: Ինչպես ասաց Գագիկ Գևորգյանը, այս տարի առաջին անգամ հոկտեմբերի 28-ին Հայաստանում նշվեց Հայ ոսկերչի ազգային օրը: «Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ նշում է ոսկերչի օրը»,-ասաց նա:

Հանրապետության ղեկավարը շրջել է արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ոսկերչական արտադրատեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ:

Ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, հոկտեմբերի 30-ին Երևանում նախատեսված է նաև համաժողով, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակված՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման ռազմավարությունների նախագծերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ոսկերչության ոլորտի զարգացման նպատակով ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունները: