29 հոկտեմբերի 2012 - 13:45 AMT
ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը բացատրում է, թե ինչու է եկել մի երկիր, որը նավատորմ չունի

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը նշեց, որ Ռեյ Մաբուսը նաև ծովային հետևակի համակարգողն է, որը երկրագնդի թեժ կետերում ծառայություն է իրականացնում:

«Հենց ծովային հետևակի հետ էլ մենք համագործակցում ենք: Առանձնացնում ենք երկու ուղղություն` խաղաղապահ կառույցների զարգացում և բարեփոխումներ: Ռումինիայում և Գերմանիայում արդեն 200 խաղաղապահ է վերապատրաստվել, որոնք ծառայում են Աֆղանստանում և Կոսովոյում», - ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարը խոսեց նաև ռազմարդյունաբերության ոլորտում փորձի փոխանակման մասին`նշելով, որ մենք սպառազինության կազմում ունենալով հիմնականում ԽՄ միավորներ, հատուկ նշանակության միջոցները կարողանում ենք արդիականացնել:

ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսը կարևորեց պարբերաբար տեղի ունեցող պաշտոնական հանդիպումները:

«ԱՄՆ ծովահետևակային կորպուսը կարևորում է այս հարաբերությունները: Դա են ցույց տալիս բարձրաստիճան այցելությունները, նաև ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի այցը ԱՄՆ: Ես ուզում եմ գովել հատկապես Կոսովոյում և Աֆղանստանում հայ խաղաղապահներին` իրենց գործունեության համար, նաև նկատելի է ՀՀ ԶՈՒ բարեփոխումները: Ահա թե ինչու եմ ես եկել մի երկիր, որը նավատորմ չունի», - ասաց Ռեյ Մաբուսը:

Նա ավելացրեց, որ ԱՄՆ ծովահետևակային կորպուսը պլանավորում է շարունակել Հայաստանի հետ գործակցությունը:

Ռեյ Մեյբուսը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 75-րդ քարտուղարն է: Որպես ռազմածովային ուժերի քարտուղար նա ղեկավարում է ամերիկյան նավատորմի և ծովահետևակային կորպուսի գործունեությունը, պատասխանատու է 150 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել կազմող բյուջեի ու շուրջ 900.000 հոգի կազմող անձնակազմի համար: Ռեյ Մեյբուսն այս պաշտոնում նշանակվել է նախագահ Օբամայի կողմից 2009թ.-ին: