29 հոկտեմբերի 2012 - 14:30 AMT
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը նոր բաժնետեր ունի՝ բելգիական Incofin Investment Management ընկերությունը

Հոկտեմբերի 29-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ-ն և բելգիական Incofin Investment Management ընկերությունը պայմանագիր են կնքել, որի համաձայն ներդրումային ընկերությունը կդառնա հայկական բանկի բաժնետոմսերի 10 տոկոսի սեփականատերը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից պայմանագիրը ստորագրեց բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, իսկ բելգիական կողմից ներդրումների գծով գլխավոր պատասխանատու Գիրթ Պեթերմանսը:

«Նոր բաժնետերի հայտնվելը թույլ կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ամրացնել իր դիրքերը Հայաստանի բանկային հատվածում»,-ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ շնորհավորելով մասնակիցներին: Նա հավելեց, որ նոր բաժնետիրոջ մասնակցությունը նոր հնարավորություններ կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ վարկավորման ոլորտում, առավել ևս, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ «չաշխատող» վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 1,3 տոկոսը: «Դա վկայում է այն մասին, որ բանկում ներդրվել է ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ, ինչն էլ կայուն զարգացման հիմքն է կազմում»,-ասել է ԿԲ նախագահը: Որպես բանկի նվաճում Ջավադյանը նշել է նաև ակտիվ մասնակցությունը հանրապետության կապիտալի շուկային՝ առանձնացնելով արժութային պարտատոմսերի թողարկումը, որն առաջին անգամ իրականացրեց հենց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ-ն:

Իր հերթին բելգիական կողմից ներդրումների գծով գլխավոր պատասխանատու Գիրթ Պեթերմանսը հավելեց, որ ընկերության նպատակն է ֆինանսական ներդրումներ իրականացնելը, որոնք սոցիալական ուղղվածություն ունեն, մասնավորապես, ՓՄՁ վարկավորումը հեռավոր մարզերում: «Բանկը ուժեղ մենեջմենթ ունի, որը ձգտում է լավ հաճախորդական բազա ձևավորել մարզերում»,-ասել է նա:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարությունը, որը ձգտում է ներդնել ամենաարդիական տեխնոլոգիաները ռիսկի և կորպորատիվ կառավարման ոլորտներում, վստահ է, որ Incofin Investment Management մասնակցությունը թույլ կտա բանկին վարկավորման նոր գործիքներ ձևավորել, նոր բանկային ծառայություններ մատուցել, ինչպես նաև կակտիվացնի վարկավորումը ՀՀ գյուղական շրջաններում: