23 ապրիլի 2005 - 11:11 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նամակին պաշտոնապես կպատասխանի եկող շաբաթվա սկզբին: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ Էրդողանը ապրիլի 13-ին նամակով դիմել էր Հայաստանի նախագահին` առաջարկելով «երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված համատեղ խումբ ստեղծել` ուսումնասիրելու 1915 թ. զարգացումներն ու իրադարձությունները ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի, այլեւ խնդրին առնչվող բոլոր երրորդ երկրների արխիվներում, եւ այդ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը»: Թուրքիայի վարչապետի կարծիքով, այդպիսի նախաձեռնությունը «լույս կսփռի պատմության վիճելի շրջանի վրա, ինչպես նաեւ քայլ կհանդիսանա երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»: Նշենք նաեւ, որ օրերս Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հնչեցրած նման առաջարկին, մերժել էր այն: