23 ապրիլի 2005 - 11:35 AMT
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԵՆ ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՄՈՏ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության 90-ամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ըստ միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի, պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Ժողովրդավարների միության (UDF) նախագահ Ֆրանսուա Բայրուն, կուսակցության քաղբյուրոյի անդամ Ալեքսի Գովչյանը, պատգամավոր, ԱԺ նախագահի նախկին տեղակալ Ռուդի Սալը, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ: Վարդան Օսկանյանը երախտագիտությամբ նշեց որպես բարեկամ երկիր Ֆրանսիական պետության եւ ժողովրդի ներգրավվածությունը Հայաստանին վերաբերող հարցերում: Ֆրանսիան Եվրոպական միության առանցքային երկրներից է եւ նրա հետ սերտ հարաբերությունների կառուցումը Հայաստանի ապագայի առումով շատ կարեւոր են մեզ համար, ասաց նախարար Օսկանյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներրը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներ: Հանգամանալից խոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքի, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առընչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին: Ֆրանսիական պատվիրակությունը նույն օրն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: