30 հոկտեմբերի 2012 - 12:05 AMT
Գաետանո Կավալիերի. Հայաստանը կարող է իր դերն ունենալ համաշխարհային ոսրկերչական ինդուստրիայում

Հայաստանը կարող է իր դերն ու տեղը ունենալ համաշխարհային ոսրկերչական ինդուստրիայում, PanARMENIANet-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Համաշխարհային ոսրկերչական կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալիերին:

«Ճամփորդելով աշխարհում, ես կարող եմ ասել, որ Հայաստանը կարող է իր դերն ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»,-ասել է նա:

«Հայաստանը մի երկիր է, որը պատմականորեն ունի կարևոր աշխարհագրական դիրք, քանի որ գտնվում է երկու ծովերի՝ Սև և Կասպից ծովերի միջև: «Դա դարպաս է դեպի Ասիա և ավելի հեռուն»,-ասել է նա:

Գաետանո Կավալիերին նշել է, որ գլոբալիզացիայի այս պայմաններում կարելի է լինել ցանկացած հարաբերությունների մի մասնիկը, և «Հայաստանն այստեղ նույնպես կարևոր դեր կարող է ստանձնել, որը դեռ չի հայնաբերված»:

Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 29-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել ոսկերչական իրերի ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես հայրենական, այնպես էլ ավելի քան 70 օտարերկրյա ընկերությունների և անհատների աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում են նաև Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գաետանո Կավալիերին և «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը: Ինչպես ասաց Գագիկ Գևորգյանը, այս տարի առաջին անգամ հոկտեմբերի 28-ին Հայաստանում նշվեց Հայ ոսկերչի ազգային օրը: «Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ նշում է ոսկերչի օրը»,-ասաց նա:

Հանրապետության ղեկավարը շրջել է արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ոսկերչական արտադրատեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ:

Ոսկերչական արդյունաբերության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, հոկտեմբերի 30-ին Երևանում նախատեսված է նաև համաժողով, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կներկայացնի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում մշակված՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացման ռազմավարությունների նախագծերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ոսկերչության ոլորտի զարգացման նպատակով ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորությունները: