30 հոկտեմբերի 2012 - 13:57 AMT
Լևոն Մելիք-Շահնազարյան. Սաֆարովի ձեռքը կացինը դրել է Իլհամ Ալիևը

Ռամիլ Սաֆարովը հանձնարարություն է կատարել, և նրան Ադրբեջանում պարզապես վարձատրել են: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Ըստ քաղաքագետի` Սաֆարովի գործը այսօր սխալ է ներկայացվում և մեկնաբանվում: Նրա հանձնարարության ընթացքը տևել է 8.5 տարի, ինչից հետո էլ ստացել է իր աշխատավարձն ու կոչումը: «Սաֆարովի ձեռքը կացինը դրել է Իլհամ Ալիևը: Նրանք ուզեցին հայերին ասել, որ աշխարհի ցանկացած անկյունում հայը հանգիստ քնելու իրավունք չունի, քանի դեռ Արցախը չի տվել Ադրբեջանին»,-ասաց քաղաքագետը:

Օգոստոսի 31-ին ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: