24 ապրիլի 2005 - 09:53 AMT
ԿՈՒԲԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումները Կրասնոդարի մարզում սկսվել են ապրիլի 23-ին «Մեծ եղեռն.20 դարի ողբերգության հումանիտար իմաստավորումը» գիտագործնական կոնֆերանսով, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կոնֆերանսը անց է կացվել Կուբանի պետական համալսարանի հին աշխարհի եւ միջին դարերի պատմության ամբիոնում, իսկ նրա կազմակերպիչներն են պատմական գիտությունների թեկնածու, ամբիոնի դոցենտ, Կրասնոդարի հայկական եկեղեցու տերտեր Տեր Դանիել Կուկույանը եւ պատմական գիտությունների թեկնածու, հայտնի ազգագրագետ-հայգետ Իգոր Կուզնեցովը: Կոնֆերանսի մասնակիցների թվում են ազգային մշակութային եւ կրոնական ընկերակցությունների ներկայացուցիչներ ,Կրասնոդարի գիտական եւ կրթական հաստատությունների աշխատակիցներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ բոլոր ցանկացողները: Կոնֆերանսը ավարտվել է կլոր սեղանով, որի արդյունքում ընդունվել է հայատարարություն, որտեղ կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը ըստ մասնակիցների, «անհրաժեշտ պայման է եվրոպական ժողովրդների ընատնիք Թուրքիային ընդունելու համար»: Ապրիլի 24 Կրասնոդարի հայկական եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն, որից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել սգո հանրահավաք: Նույն օրվա երեկոյան Երկաթուղայինների մշակույթի տանը տեղի կունենա «Հուշ երեկո»: Ծրագրում են` գիտության, քաղաքական եւ հասարակական գործիչների ելույթներ եւ գրական երաժշտական կոմպոզիցիա: Պատարգներ եւ սգո միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Կրասնոդարի մարզի այլ շրջաններում, իսկ Նոր Լույս եւ Վոլոկոնկա գյուղերում (Մեշ Սոչիի տարածքում) բացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարաձններ: Անհրաժեշտ է նկատել, որ Կուբանը ներկայացված է նաեւ այսօր Հայաստանում ընթացող միջոցառումներին: