24 ապրիլի 2005 - 13:09 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹԱՂԵԼ
«Կարծում եմ, որ 21-րդ դարում համայն քաղաքակիրթ մարդկությունն է դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, որպեսզի չհիշենք Հիտլերի «Իսկ ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը» խոսքերը»,- Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրում այսօր հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով` աշխարհում այսօր հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում` կապված ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ. օրեր առաջ ցեղասպանությունը դատապարտել է Լեհաստանի Սեյմը, երեկ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին: «Վստահ եմ, որ մենք կունենանք առաջընթաց եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հետ կպայքարենք, որ ցեղասպանությունները չկրկնվեն», - ավելացրել է նա: Խոսելով առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության մասին, Ա.Բաղդասարյանը նշել է, որ թեեւ Թուրքիան այսօր ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, բայց երկակի ստանդարտների կիրառումն անթույլատրելի է: Իսկ Հայաստանը ձգտում է, որ ամբողջ տարածաշրջանը, այդ թվում եւ Թուրքիան, ինտեգրվի եվրոպական կառույցներին. «Դա բացառիկ լավ հնարավորություն է իրոք ճանաչել մարդկության դեմ ուղղված ոճրագործությունը: Կարծում եմ, որ Թուրքիան հարկադրված կլինի տալու հստակ քաղաքական գնատականներ, որովհետեւ պատմությունը չի կարելի թաղել», - եզրափակել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: