ԱԺ նախագահ. Արցախը վաղ թե ուշ անկախ է ճանաչվելու նաև դե յուրե

ԱԺ նախագահ. Արցախը վաղ թե ուշ անկախ է ճանաչվելու նաև դե յուրե

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին:

«Մենք ունենք աշխարհասփյուռ հայրենակիցներ, որոնց ջանքերի և հնարավորությունների մեկտեղումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի շահերից: Այսօր բոլորիս խնդիրն է ամրապնդել Հայաստանի պետականությունը և հզորացնել մեր երկիրը, իսկ այդ ճանապարհին մենք պետք է լուծենք բազմաթիվ խնդիրներ: Այս գործընթացում ակնկալում ենք նաև ձեր գործուն մասնակցությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա համոզմունք է հայտնել, որ գալու է նաև այն ժամանակը, երբ արդեն շուրջ 20 տարի դե ֆակտո անկախ Արցախը վաղ թե ուշ անկախ է ճանաչվելու նաև դե յուրե: «Արդեն այսօր ժողովրդավարությամբ և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության մակարդակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գերազանցում է իր անմիջական հարևան Ադրբեջանին: Իսկ այժմ Հայաստանը ԼՂ հարցի շուրջ վստահորեն բանակցություններ է վարում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ Մինսկի խմբի շրջանակներում՝ առաջնորդվելով ոչ միայն արցախահայության, այլև համայն հայության շահերով»,- շեշտել է ԱԺ նախագահը: Նա նաև նկատել է, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ կողմ են խնդրի լուծմանը միայն խաղաղ ճանապարհով՝ ի տարբերություն Ադրբեջանի կողմից պարբերաբար և ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունների:

«Միևնույն ժամանակ մենք համոզված ենք, որ Արցախի հարցը ստանալու է հայանպաստ լուծում: Հայաստանի Հանրապետությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հստակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում»,-ընդգծել է ԱԺ նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---