31 հոկտեմբերի 2012 - 17:33 AMT
Ընդլայնվել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները

Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստում ավագանու հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար հատուկ գնդի գումարտակի հրամանատար, հետմահու «Հայաստանի ազգային հերոս » բարձրագույն կոչումի արժանացած կապիտան Ջիվան Աբրահամյանի անվան հիմնադրամ հիմնելու նպատակով 22.19քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օտարելու մասին որոշման նախագիծը։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև որոշման նախագիծը, համաձայն որի սահմանվել են քաղաքային նշանակության քաղաքաշինական և գովազդային գոտիները: Նշված որոշմամբ ընդլայնվել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները, ինչն առավել արդյունավետ կդարձնի տեղում քաղաքաշինական բնույթի հարցերի կարգավորումը: Բնակիչներն, ըստ այդմ, բնակարանաշինական որոշակի խնդիրներ այսուհետ կկարգավորեն անմիջականորեն վարչական շրջաններում ՝ տեղերում անվճար առաջարկվող օրինակելի նախագծերի միջոցով։

Նիստի ավարտին տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը վերաբերող հարցի առնչությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի հայտարարված աղբահանության կազմակերպման միջազգային մրցույթի շրջանակում ութ կազմակերպություններ ներկայացրել են իրենց նախնական առաջարկները, որից հետո նրանց հետ ընթացել են բանակցություններ և արդեն նոյեմբեր ամսին բոլոր 8 կազմակերպությունները կներկայացնեն գնառաջարկներ ու բիզնես ծրագրեր, որոնց հիման վրա էլ կընտրվեն հաղթողները:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների վերգետնյա անցումներից օգտվելու հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այժմ քննարկվում է և 2013թ-ին կառուցվելիք վերգետնյա անցումների նախագծերում հաշվի կառնվի խնդիրը և կգտնվեն համապատասխան լուծումներ: