31 հոկտեմբերի 2012 - 18:09 AMT
Համայնքներում պարարտանյութի բաշխման աշխատանքները մոտենում են ավարտին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ սիրիահայերի բնակարանային ապահովության խնդրին: Նախարարը մարզպետներին առաջարկեց տեղեկություններ ներկայացնել մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքներում վարձակալության հիմունքներով տրվող բնակարանների առկայության, ինչպես նաև համայնքներում թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում Սփյուռքի նախարարություն ներկայացնել պահանջվող տեղեկությունները, ինչպես նաև հաշվի առնելով սիրիահայերի մասնագիտական հմտությունները` քննարկել տեղերում աշխատանքով ապահովելու հնարավորությունները:

Խորհրդակցությանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց մարզերում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքը: Նշվեց, որ պարարտանյութի բաշխման աշխատանքները մոտենում են ավարտին, ընթացքի մեջ է դիզվառելանյութի բաշխումը: Անդրադարձ եղավ նաև առաջին վերարտադրության սերմացուի դիմաց գյուղացիական տնտեսությունների կողմից պարտավորությունների կատարման ընթացքին ու ցուցանիշներին: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աջակցել Գյուղատնտեսության նախարարությունը ծրագրերի իրականացման հարցում:

Քննարկվեցին նաև մթերման գործընթացին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ մթերող կազմակերպությունների կողմից վճարումների ուշացման խնդիրն այսօր համայնքապետերը բարձրացրել են Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ, և կարևորեց բերքի դիմաց վճարումների կատարումը:

Անդրադարձ կատարվեց նաև համայնքային բյուջեների վրա 2013 թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման և նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության ազդեցությանը: Գևորգյանը մարզպետներին հանձնարարեց աշխատել համայնքապետերի հետ, որպեսզի կատարված օրենսդրական փոփոխությունները հաշվի առնելով` համապատասխան հաշվարկներ կատարվեն և նախատեսվեն վճարման աղբյուրները: