31 հոկտեմբերի 2012 - 18:14 AMT
Թուրքագետ.Թուրքերի՝ «Ցեղասպանություն» կոչվող ֆոբիան գլուխ է բարձրացրել

Թուրքական քաղաքական քննարկումներում Հայոց ցեղասպանության հարցը մեծ վախով է ընդունվում: Ինչպես ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, թուրքերի մոտ կարմիր լույսի պես վառվում է մտահոգությունը, որ Ցեղասպանության 100 ամյակին աշխարհի ավելի շատ պետություններ կճանաչեն այն և փոխհատուցման հարց կծագի: Այս մասին թուրքագետն ասաց PanARMENIAN.Net-ի թղթակցին՝ անդրադառնալով թուրք լրագրող, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էնվեր Այսևերնի Գերմանիայում արած այն հայտարարությանը, թե 2015-ին ՄԱԿ-ը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եթե դա չկանխվի, ապա կբարձրացվեն փոխհատուցման և հողերի վերադարձի հարցեր։

«Իրականում դա ուղղված չէ ներքին լսարանին, քանի որ թուրքական ներքին լսարանը հնարավորինս վախեցված է »,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: Նա նաև նկատեց, որ Թուրքիան Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու մի քանի ուղի է որդեգրել: Նախ այս երկիրը ձգտում է պառակտել հայկական սփյուռքը, ձեռք բերել թուրքամետ համախոհներ և թուլացնել Հայաստան-սփյուռք կապերը: Սրա արդյուքում Թուրքիան հույս ունի թուլացնել Ցեղասպանության ճանաչման հարցում հայկական սփյուռքի պայքարը: Մյուս քաղաքականությունը, որ որդեգրել է Թուրքիան, այն է, որ գիտական ասպարեզում հնարավորիս շատ հակայկական նյութեր հայտնվեն: Թուրքագետի խոսքերով՝ այս գործի մեջ Թուրքիան մեծ փողեր է ներդնում: Ռուբեն Մելքոնայնն ավելացրեց, որ նշված երկու ուղղությամբ էլ Թուրքիան ակտիվ գործունեություն է ծավալում: