31 հոկտեմբերի 2012 - 18:15 AMT
Հայաստանի 43 համայնքների խոհանոցն ու ձեռքի աշխատանքները` Սիրահարների այգում

Նոյեմբերի 2-ին Սիրահարների այգում տեղի կունենա Համայնքային բարիքների համտեսի փառատոն և ցուցահանդես: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Counterpart International» քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի հայաստանյան ներկայացուցչության քաղաքացիական հասարակության գծով մասնագետ Գայանե Վարդանյանը, միջոցառումը տեղի կունենա «Հանրային երկխոսության և համայնքային զարգացման համաժողովի» շրջանակում:

«Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանը քառամյա ծրագրի շրջանակում համագործակցում է Հայաստանի 43 քաղաքային և գյուղական համայնքների հետ: «Համագործակցության ընթացքում պարզ դարձավ, որ համայնքները մի շարք առանձնահատկություններ ունեն թե' արհեստների, թե' խոհանոցի տեսակետից, և որոշեցինք կազմակերպել այս փառատոնը, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց, կարելի է ասել, մրցակցային առավելությունները: Փառատոնի ժամանակ յուրաքանչյուր համայնք կունենա իր տաղավարը, որտեղ կներկայացնի այն, ինչով առանձնանում է` լինի դա ուտեստ, ձեռքի աշխատանք, թե պար: Կանցկացվեն նաև վարպետության դասեր. համայնքների ներկայացուցիչները կսովորեցնեն պատրաստել որևէ կերակուր, կսովորեցնեն ասեղնագործության, գոբելենի հմտություններ: Իսկ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի պարային համույթը կփորձի սովորեցնել սասնա յարխուշտա պարը»,- նշեց նա` հավելելով, որ մուտքը ժամը 16:00-ից ազատ կլինի բոլոր ցանկացողների համար: