31 հոկտեմբերի 2012 - 19:48 AMT
Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է սիրիահայերին բնակարաններով և աշխատատեղերով ապահովելու խնդրին

Հոկտեմբերի 31-ին խորհրդակցություն կայացավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ` մարզպետների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, խորհրդակցության ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ սիրիահայերին բնակարաններով, աշխատատեղերով ապահովելու խնդրին: Նախարարը մարզպետներին առաջարկեց տեղեկություններ ներկայացնել մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքներում վարձակալության հիմունքներով տրվող բնակարանների առկայության, ինչպես նաև համայնքներում թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց պահանջվող տեղեկությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն: Ինչպես նաև, հաշվի առնելով սիրիահայերի մասնագիտական հմտությունները, քննարկել տեղերում նրանց աշխատանքով ապահովելու հնարավորությունները: