31 հոկտեմբերի 2012 - 19:58 AMT
ԿԱՐԾԻՔ
Երևանի քաղաքապետին, Հայաստանի տրանսպորտի նախարարին. Ձեր պատճառով մարդիկ ատում են իրար

Երևանի քաղաքապետին, Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարին և մի շարք այլ պաշտոնյաների, որոնք ստանում են երթուղայինների վարորդների աշխատավարձի եռակին ու քառակին, որ այդ նույն վարորդները կարողանանան արժանապատիվ աշխատել, իսկ մենք արժանապատիվ երթևեկել.

Դիմում, խնդրանք, հորդոր, առաջարկ, կամ ինչպես կուզեք

Իմ պատճառով այսօր տուգանեցին մեր երթուղու 65 տարեկան մի վարորդի, որն ընդհանրապես ոչ մի մեղք չուներ, որովհետև ես կանգնելի էի ինքնակամ, որովհետև բաց էի թողել 3 երթուղային և որովհետև ես աշխատում եմ 8 ժամ…

Առավոտյան 1 ժամ երթուղային եմ սպասում, երեկոյան,եթե բախտս բերի, դարձյալ մեկ ժամ, եթե չբերի` Աստված գիտի ինչքան, և որոհետև, ես գոնե մի քանի ժամ հանգստանալու իրավունք ունեմ, որ առավոտյան նորից կարողանամ աշխատանքի գնալ:

Նեղություն տվեք ձեզ` դուրս եկեք երեկոյան 6-ին կամ 7-ին ցանկացած կանգառ ու սպասեք դատարակ երթուղայինի, տեսնենք քանի ժամ հետո կհայտնվի այդպիսի մեկը: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ կգտնվի այդպիսին:

Ամենայն լրջությամբ խնդրում եմ ձեզ, գոնե մեկ անգամ համաձայնեք դուրս գալ ու երթևեկել այն քաղաքացիների հետ, որոնց դուք ստիպում եք անցնել այս ամենի միջով, այն վարորդների հետ, որոնց աշխատած 5 հազար դրամը խլում եք նրանցից:

Գիտե ՞ ք ինչի է նման ձեր արածը: Դուք մարդկանց իրար դեմ եք հանել ու մի կողմ քաշվել: Ձեր պատճառով վարորդը ուղևորին է ատում, ուղևորը` վարորդին:

Իջեք ձեր թանկարժեք մեքենաներից, դուք էլ եք այս երկրի քաղաքացին, իջեք ու տեսեք ինչպես է տուն հասնում օրը 8-9 ժամ աշխատած մարդը:

Ես համոզված եմ , որ ձեր անտարբերությունը միմիայն անտեղյակության հետևանք է, դուք ոչ թե չեք ուզում ինչ-որ բան փոխել, դուք պարզապես տեղյակ չեք այդ ամենին ու չեք պատկերացնում, որովհետև դուք ունենք թանկարժեք մեքենաներ, որոնց ապակիները մգեցված են:

Ես ձեզ առաջարկում եմ ինձ հետ իմ աշխատավայրից մեր տուն գալ երթուղայինով: Հուսով եմ և սպասում եմ ձեր արձագանքին:

Հ.Գ Տուն հասնելուց հետո ես անգամ հաց չեմ կերել, որովհետև ինչպես կարող ես ինչ-որ բան կուլ տալ, երբ քո պատճառով 10 ժամ աշխատած մարդը տուն է գնում դատարկ ձեռքով:

Հարգանքներով ` Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News