1 նոյեմբերի 2012 - 13:30 AMT
Կարեն Քոչարյան. Եթե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում իր թեկնածուն ունենա, ապա…

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով, թե անհրաժեշտության դեպքում կհանդիպի Տեր-Պետրոսյանին, Կոնգրեսի ցանկությունն է մեջբերել: Նման կարծիքի է քաղաքագետ Արմեն Աղայանը: Միևնույն ժամանակ նա նշում է, որ պետք չէ աչքաթող անել այն հանգամանքը, որ «Բարգավաճ»-ն էլ այսօր ընդդիմություն խաղալու խնդիր ունի և չէր խանգարի որպեսզի երևար, որ թե´ Կոնգրեսը, թե´ այլ` խաղից դուրս ուժեր իրեն ինչ-որ կերպ աջակցում են:

Ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ՝ եթե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում իր թեկնածուն ունենա, ուրեմն հետաքրքրված է ՀԱԿ-ԲԿՀ համագործակցությամբ: Եվ սա միայն ՀԱԿ-ի խնդիրը չէ: «Ոնց որ ժամանակին ՀԱԿ-ն իր շուրջ հավաքեց կուսակցություններ, հիմա եթե ԲՀԿ-ն փորձելու է թեկնածու դնել, պարզ է նաև, որ փորձելու է ասել, թե ինչքան շատ քաղաքական ուժեր են սատարում իրենց թեկնածուին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կարեն Քոչարյանը:

Իսկ ահա քաղաքագետ Արմեն Աղայանի համոզմամբ՝ համագործակցությունը, նախևառաջ, բխում է Կոնգրեսի շահերից: ԲՀԿ-ն կարող է հետաքրքրված լինել միասնական ընդդիմադիր ուժի իմիջ ձևավորելու տեսանկյունից: «Պայքարը Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ»-ի համար շարունակվում է: Մի կողմից պայքարում է իշխանությունը, որպեսզի Գագիկ Ծառուկյանը դուրս գա «քոչարյանական» նախագծերի շրջանակից և վերադառնա իշխանական կոալիցիա, մյուս կողմից՝ պայքարում է ՀԱԿ-ը, որպեսզի «Բարգավաճ»-ը, մի քիչ հեռանալով Քոչարյանից, չմիանալով Սերժ Սարգսյանին՝ ընդդիմություն խաղա և ՀԱԿ-ին հնարավորություն տա համագործակցել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Արմեն Աղայանը: Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտում անորոշությունը դեռ շարունակվում է, հակառակ դեպքում` արդեն հայտնի կլիներ Սերժ Սարգսյանի հակադրվող հիմանական թեկնածուն:

Իսկ, թե հնարավոր է, որ, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն լինի գործող նախագահի հակառակորդը և առաջադրի իր թեկնածուին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքերով, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: