1 նոյեմբերի 2012 - 16:24 AMT
Գինեկոլոգ. Կուսաթաղանթի վերականգնումն ինչ-որ տեղ կրիմինալ երևույթ է, որը կարող է բարդացումների բերել

Կուսաթաղանթի վերականգնումն ինչ-որ տեղ կրիմինալ երևույթ է, քանի որ կարող է զանազան բարդությունների հանգեցնել: Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը: Նրա խոսքով` կուսաթաղանթի վիրահատություն կատարող կանայք ամուսնությունը սկսում են խաբեբայությունից: «Իսկ այդպիսի վիրահատություն կատարող վիրաբույժները օժանդակում են խաբեբաներին: Եթե նման վիրահատություն կատարող չլինի, այսինքն չլինի առաջարկ, չի լինի նաև դրա պահանջարկը»,- գտնում է նա:

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն իր հերթին նշեց, որ աբսուրդ է, առհասարակ, այն երևույթը, որ հայերը նույնացնում են ֆիզիկական և բարոյական կուսությունը: «Կուսաթաղանթի առկայությունը դեռևս չի խոսում աղջկա բարոյական առաքինության մասին և հակառակը: Իսկ ինչ վերաբերում է արհեստական կուսաթաղանթների ներկրման մասին լուրերին, ապա դրանք հերթական անգամ անառողջ քննարկումների առիթ դարձան, անգամ երբ պարզ դարձավ, որ դա անհեթեթ և իրականությանը չհամապատասխանող լուր է»,- ասաց նա: