27 ապրիլի 2005 - 08:12 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԵԿԵԼ
Հայաստանի ԱԳՆ-ում հերքել են տեղեկատվությունն այն մասին, թե Թուրքիան եւ Հայաստանը համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների նորմալացման խնդրի լուծման շուրջ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանն ու Աբդուլլահ Գյուլը համաձայնության են եկել 10 կետից կազմված միջոցառումների փաթեթի շուրջ, որոնք կնպաստեին երկու երկրների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, չի համապատասխանում իրականությանը: «Ոչ մի նման հանդիպում չի եղել»,-հայտարարել է Գասպարյանը: Նրա խոսքերով, ԱԳՆ տեղեկացնում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցող բոլոր հանդիպումների մասին: Նշենք, որ ավելի վաղ թուրքական «Միլլիեթ» թերթը հրապարակել է մի հոդված, որտեղ, մասնավորապես, ասվում էր, թե երկու երկրների ԱԳ նախարարները համաձայնության են եկել միջոցառումների փաթեթի շուրջ: Հոդվածում հիշատակվում էր նաեւ համագործակցության հնարավորությունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ երկխոսության խթանումը երկու երկրների խորհրդարանականների միջեւ: «Միլլիեթը» նշում է, որ գաղտնի բանակցությունները ենթադրում են մի փաստաթղթի ստորագրում, որը վերջ կդնի տարաձայնություններին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: