Վարչապետ. Սիրիահայության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում

Վարչապետ. Սիրիահայության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ, Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ անցկացվող թեմական-ներկայացուցչական ժողովի աշխատանքներին: Ողջունելով ժողովի մասնակիցներին` վարչապետը կառավարության տեսակետներն է ներկայացրել մի քանի խնդիրների շուրջ: «Անժխտելի է այն դերակատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է և ունի Հայ Առաքելական եկեղեցին: Ինչպես դարեր ի վեր, այնպես էլ այսօր Հայ Առաքելական եկեղեցու օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք մտահոգում են մեր ժողովրդին, և մենք ձեզ հետ փորձում ենք գտնել պատասխաններ, որոնք առաջնորդելու, օժանդակելու և ծառայելու են նրան»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` ժամանակակից աշխարհի մարտահրավերների հիմքում ընկած են էական խնդիրներ: Երբեմն այդ խնդիրները բացատրվում են ֆինանսատնտեսական ճգնաժամով: Կառավարության ղեկավարի համոզմամբ` իրականում մենք գործ ունենք արժեքային ճգնաժամի հետ, և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման բանալին, գաղտնիքը հենց այդ ոլորտում է պետք որոնել:

«Սպառողական հոգեբանությունը, Առաքելական սուրբ արժեքներից հեռանալը ցանկացած հասարակության համար ստեղծում է լուրջ և անհաղթահարելի բարդություններ: Նմանատիպ խնդիրներ այսօր ծառացած են նաև հայ ժողովրդի առջև: Համոզված եմ, որ այն արդիական մարտահրավերները, որոնք առկա են, կարող ենք հաղթահարել, եթե ապավինենք մեր հավատքին, հզորացնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ամրապնդենք կապը պետության և եկեղեցու միջև: Սա է լինելու այն բանաձևը, որն օգնելու է հաղթահարել նորագույն մարտահրավերները: Այդ տեսակետից, մեր օրակարգում ընդգրկված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական միջոցառումների ուղղվածությունը, կարծում եմ, նույնպես պետք է լինի այդպիսին»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին` վարչապետը հավաստիացրել է, որ սիրիահայության օրակարգային խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: «Այսօր Սիրիայից Հայաստան են ժամանել մի քանի հազար ընտանիքներ և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրանք իրենց հարմարավետ զգան, կարողանան հաղթահարել առկա բոլոր դժվարությունները` սկսած դպրոցների նախապատրաստումից, ավարտված սիրիահայերին հայրենիքում աշխատանքի ապահովմամբ, որպեսզի նրանք Հայաստանում կարողանան կերտել իրենց նոր կյանքը»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այլ խնդիրներ, որոնք վերաբերում են եկեղեցաշինությանը: Տիգրան Սարգսյանի համոզմամբ` այն որոշումները, որոնք կընդունվեն այս ժողովի ընթացքում` նպաստելու են մեր եկեղեցու ամրապնդմանը:

«Ավարտելով խոսքս` ցանկանում եմ նշել, որ երբևէ պետություն-եկեղեցի կապն այնքան ամուր չի եղել, որքան Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Մեր քաղաքական թիմի ղեկավարի տեսլականն է` ամրապնդելով կապը եկեղեցու, մեր հավատքի հետ` կկարողանանք դուրս գալ բոլոր դժվարություններից, և համախմբելով մեր ժողովրդին` կառուցել ամուր և հուսալի պետություն` ի բարօրություն հայ ժողովրդի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգում ընդգրկված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայ Եկեղեցու Սահմանադրության մշակմանը, սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելուն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---