27 ապրիլի 2005 - 11:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում անցկացվել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը, տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի (Հայաստան) եւ Ղազախի շրջանի (Ադրբեջան) ԶՈՒ շփման գծում: Նույն օրը Տավուշի մարզպետարանում կայացել է ճեպազրույց` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմռե Պալատինուսի (Հունգարիա), Ալեքսանդր Սամարսկու (Ուկրաինա) եւ Պիտեր Քեյի (Մեծ Բրիտանիա), ինչպես նաեւ մարզպետ Ղուլարյանի մասնակցությամբ: Նա ԵԱՀԿ ներկայացուցիչներին ծանոթացրել է այն փաստին, որ հաճախակի են դարձել Իջեւան-Նոյեմբերյան ճանապարահատվածի գնդակոծությունները: Ի պատասխան Իմռե Պալատինուսի հարցին, թե ինչի հետ է կապված Ադրբեջանի նման պահվածքը, Ա.Ղուլարյանը պատասխանել է, որ կա՛մ ադրբեջանական կողմը չի կարողանում վերահսկել իր զինված ուժերը, կա՛մ էլ դա Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների արդյունք է: Ճեպազրույցից հետո ԵԱՀԿ ներկայացուցիչները եւ նրանց ուղեկցող խումբը ուղեւորվել են դիտարկում անցկացնելու վայրը, որտեղ ԵԱՀԿ կապի միջոցներով կապ հաստատելով Ադրբեջանի տարածքում գտնվող ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ, կայացել է ռադիոմոնիտորինգ, որի արդյունքում շփման գծի երկու կողմերի զորամասերի հրամանատարները տվել են անվտանգության երաշխիքներ: