2 նոյեմբերի 2012 - 21:05 AMT
Հրանուշ Հակոբյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ մինչ օրս գործակցություն չի եղել օբյեկտիվ պատճառներով

Նոյեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության ընդհանրական տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին: Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը, հիշատակելով հանգուցյալ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի գործունեությունը, նշել է, որ մինչ օրս պատրիարքարանի հետ ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությունը չուներ անհրաժեշտ ակտիվությունը, ինչն ուներ իր օբյեկտիվ պատճառները, սակայն առաջիկայում կսկսեն առավել համակարգված ու նպատակային համագործակցել, որը միտված կլինի Երուսաղեմի հայ համայնքի՝ Սուրբ Աթոռի շուրջը համախմբմանը և Հայրենիքի հետ կապի ամրապնդմանը:

Սրբազան հայրը նշել է, որ հանդիպումն առաջինն էր իր՝ պատրիարքության ընդհանրական տեղապահ ընտրվելուց ի վեր:

«Ինձ համար ծառայությունը մշտապես նվիրական գործ է եղել և ես պատրաստ եմ առավելագույնն անել», - ասել է նա: