3 նոյեմբերի 2012 - 12:17 AMT
Տիրան Լոքմագյոզյան. Թուրքիան մտադիր է հակազդել հայերի գործողություններին, կապված 2015-ի հետ

Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիան մտահոգված է, թե ինչ են ձեռնարկելու հայերը մինչև 2015 թվականը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:

Ըստ բանախոսի, թուրքերը կարծում են, որ աշխարհի հայությունը մեծ բաներ է նախապատրաստում 2015թ-ին: «Այն նման է ֆուտբոլային խաղի, որտեղ մեկը պետք է հաղթի: Նրանք մտածում են, որ հայերը մեծ պատրաստություն ունեն, որին Թուրքիան պետք է հակազդի, գոնե հաշիվը հավասարեցնի: Ոչ թե նրանք են բան պատրաստում, այլ հայերի դեմն են ուզում առնել»,-ասաց նա: Լոքմագյոզյանն, առհասարակ, գոհ չէ Հայասատանի արտաքին քաղաքականությունից, ինչն, ըստ նրա, իր տարբեր պատճառներն ունի: «Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնպես է կառուցված, որ տեսնենք մյուսներն ինչ կանեն, մենք էլ մերը կանենք»,-նշեց նա: Ըստ բանախոսի, Հայաստանը ոչ մի նախաձեռնություն չունի Թուրքիայի հարցում և Աղթամարի դեպքում երևաց, որ Հայաստանը հստակ քաղաքականություն չի վարում: