3 նոյեմբերի 2012 - 12:46 AMT
Քահանա. Պարսիկների հետ ամուսնացող հայ աղջիկները պատասխան են տալու

«Պատահում է ֆինանսապես ինքնուրույն, կայացած կանայք դիմում են ինձ նյարդային խնդիրներով, ընկճված են, լարված: Որպես կանոն, պարզվում է, որ նրանք կողքին տղամարդ չունեն», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Օտարազգիների, օրինակ, պարսիկների հետ ամուսնանալու հայ աղջիկների ձգտումը հոգեբանը պայմանավորեց սոցիալական վիճակով:

«Օտարի հետ ամուսնանալու աղջիկների մղումը Հայաստանից հեռանալու նրանց ցանկության հետ է կապված: Այստեղ հեռանկար չեն տեսնում, իսկ ամուսնությունը երկրից դուրս գալու ամենահեշտ ճանապարհն է: Երբեմն նույնիսկ հաշվի չեն առնում, թե այդ օտարն ով է: Բայց եթե հայ երիտասարդն իմանա, որ իր հայրենիքում կարող է օգտագործել իր հմտությունները և բարեկեցիկ, արժանապատիվ կյանք ունենալ, չի գնա», - ասաց Կարինե Նալչաջյանը:

Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն առարկեց. «Սոցիալական պայմանները չեն կարող արդարացնել կործանման գնալը: Սա հոգու փրկության խնդիր է: Խաչը թողնելը և լայն դռներով գնալը ճիշտ չէ: Հայրենաթող են դառնում, գնալուց հետո էլ հայհոյում հայրենիքը: Արտասահմանցու հետ անպայման երջանիկ լինելու միտքը խաբկանք է, նույնը, երբ Եվան գնաց օձի հետևից: Մենք աղոթում ենք նրանց համար: Նրանք պիտի հասկանան, որ պատասխան են տալու», - ասաց քահանան:

Նա նաև նշեց, որ Մայր Աթոռից հանձնարարություն կա ձեռնպահ մնալ օտարազգիներին, մասնավորապես, պարսիկներին մկրտելուց, ամուսնացնելուց: Նրա խոսքով մկրտություից հետո էլ նրանք մնում են նույն մահմեդականները: