3 նոյեմբերի 2012 - 14:00 AMT
Հրանտ Մելիք-Շահնազարյան. 3 գործոն, որոնք փոփոխում են բանակցությունների քաղաքական իրավիճակը

ԵԱՀԿ Մինսկի խմբիի բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխվել է և այդ փոփոխությունը պայմանավորված է երեք գործոնով: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Առաջին գործոնն, ըստ քաղաքագետի, դա Սաֆարովի արտահանձնումն ու ներումն է, իսկ երկրոդը՝ Ավստրալիայի Հանրապետության Հարավային Ուելս նահանգի կողմից Արցախի ճանաչումն է: «Երրորդ գործոնը, որ բառացիորեն նախարարների (Է.Նալբանդյան- Է. Մամեդյարով) հանդիպումից առաջ ի հայտ եկավ, դա Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչումն է և այդ ձևով նաև ինչ-որ չափով ազգերի ինքնորոշման իրավունքի ընդունումը»,- նշեց բանախոսը:

Այս երեք իրողություններից ամեն մեկն իր ազդեցությունն ունեցավ քաղաքական իրավիճակի փոփոխմանը և վերջին հաշվով սրանք պետք է մի նոր ելակետ դառնան բանակցային գործընթացում, նկատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հավելեց, որ Ադրբեջնն այսօր փորձելով իրավիճակը փոխել ճանապարհ է հարթում Թուրքիայի համար:

Քաղաքագետը նշեց նաև, որ բանակցային գործընթացի վերսկսումով Հայաստանը ժամանակ է շահում և սա պատերազմի վերսկումը ձգձգելու հնարավորություն է:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Փարիզում տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի ժամանակ նախարարները վերահաստատեցին համանախագահների հետ համատեղ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը ` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: