28 ապրիլի 2005 - 08:10 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 2 ՄԼՆ ԵՎՐՈ ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Այրում-Սադախլո երկաթուղու 12-կիլոմետրանոց հատվածի վերանորոգում, որի համար կհատկացվի 2 մլն եվրո: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը: Նույն ծրագրի շրջանակներում Հայաստանին արդեն հատկացվել է 2 մլն եվրո Երեւան-Թբիլիսի երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության եւ նրա առավել վտանգավոր հատվածների փոփոխման համար: Գագիկ Գրիգորյանի խոսքերով, 2007 թվականին ավարտվող Եվրամիության ՏԱՍԻՍ ծրագիրը, որի մի մասն է կազմում ՏՐԱՍԵԿԱՆ, կփոխարինվի «Նոր հարեւաններ» ծրագրով: Միեւնույն ժամանակ երկաթուղու վերանորոգումը կշարունակվի նաեւ «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկում է 2007 թվականին: Բացի այդ, մոտակա ամիսներին «Նոր հարեւաններ» ծրագրով կհաստատվեն տարածաշրջանային երակթուղային եւ ավտոճանապարհների հիմնական ուղղությունները: Ենթադրվում է, որ Թուրքիան պետք է Կովկասով միանա Հայաստանին, իսկ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները կմիանան եվրոպական միջանցքներին սեւծոցյան նավահանգիստների միջոցով: Գ.Գրիգորյանի խոսքերով, Հայաստանն արդեն աշխատում է Եվրահանձնաժողովի հետ միջանցքների հստակեցման եւ այդ ճանապարհների ուղղությունների հարցերի շուրջ: Հիշեցնենք, որ ՏՐԱՍԵԿԱ նախագիծը (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքը) մշակվել է Եվրոպական միության կողմից ՏԱՍԻՍ ծրագրի շրջանակներում եւ կոչված է միացնել Եվրոպան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը տրանսպորտային հաղորդակցության միջանցքով, այդպիսով կյանքի կոչելով Մեծ մետաքսի ճանապարհի երթուղիներից մեկը, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»: